Սեֆիլյանի գործով կալանավորվածը 29 օր տևած հացադուլից հետո առողջական խնդիրներ ունի
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը գրեթե մեկ ամիս տևած հացադուլից հետո առողջական խնդիրներ ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ներսես Պողոսյանն առողջական խնդիրներ ունի: Նա բողոքել է սրտից, բժիշկները սրտի աշխատանքի գրանցում են իրականացրել և այլևս այդ ուղղությամբ բուժում չի արվել: Բացի այդ, Ներսես Պողոսյանն արյան բարձր ճնշում ունի, երիկամների հետ խնդիրներ կան, ոտքերն են ցավում, ինչպես նաև գլխացավ ունի»,-ասաց Արայիկ Պապիկյանը:
Պաշտպանը հայտնեց, որ եթե առաջիկա երկու օրվա ընթացքում Ներսես Պողոսյանի առողջական վիճակը չփոփոխվի, ապա միջնորդություն կներկայացնեն Ներսես Պողոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը: