Զանգակատուն գյուղում կախված են գտել 17-ամյա աշակերտին. նա Մոնթե Մելքոնյան վարժարանի նախկին սան է

Այս գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Զանգակատուն գյուղում. կեսգիշերն անց Լևոն Թադևոսյանը ննջասենյակում հայտնաբերել է 17-ամյա որդուն՝ ջեռուցման խողովակից կախված վիճակում: 17-ամյա Արման Թադևոսյանը գյուղի դպրոցի աշակերտ էր, սովորում էր 12-րդ դասարանում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զանգակատուն գյուղի գյուղապետ Էմին Սահակյանը՝ հավելելով, որ գյուղում շոկի մեջ են, չեն պատկերացնում՝ ինչը կարող էր լինել աշակերտի նման արարքի պատճառը:

«Գյուղական կյանքով ապրող, աշխատող ընտանիք են, սոցիալապես անապահով չեն: Արմանը մեր Զանգակատան միջնակարգ դպրոցում է սովորել մինչև 9-րդ դասարան, հետո տեղափոխվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, երկու տարի անց, անցյալ աշնանը կրկին վերադարձել է մեր գյուղի դպրոց: Դպրոցում խնդիր չի ունեցել»,-ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ Արմանի մայրն ու հայրը վաղուց ամուսնալուծված են, և տղան ապրում է հոր ու տատիկի հետ, իսկ մայրը քրոջ հետ ապրում են Մասիս քաղաքում: 

17-ամյա Արման Թադևոսյանը գրություն չի թողել: «Բոլորիս համար էլ անհասկանալի է էդ երեխու արարքը: Քննություն է գնում, միգուցե պարզվի պատճառը»,- հավելեց գյուղապետը:

Արարատի փոխմարզպետ Իլյիչ Շադյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսել է դպրոցի տնօրենի հետ, վերջինս ասել է, որ Արմանը իրենց դպրոց է վերադարձել անցյալ նոյեմբերի 25-ից: «Տնօրենն ասաց, որ ուրախ, զվարթ աշակերտ է եղել, արտառոց դեպք չի եղել, ուղղակի մայրն է բաժանված, նա տատիկի ու հոր հետ էր ապրում, այլ տեղեկություններ չկան»,-ասաց փոխմարզպետը:

Читайте на сайте