ՀՀ ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի. Նիկոլ Փաշինյան
Ես հպարտ եմ մեզանով, որ կարողացանք ի վերջո՝ ի հեճուկս բոլոր տարաձայնությունների, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, այսօր կագնել իրար կողքի, հանուն Հայաստանի Հանրապետության. «Ելք» դաշինքի առաջին համաժողովին իր ելույթի խոսքում ասաց Քաղաքացիական վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե առաջիկա իրենց ամենակարևոր խնդիրը ԱԺ-ի ընտրություններն են: «Եվ հարց է հնչում, թե ինչպիսին է մեր շանսերը. մենք պետք է հստակ և բարձր ասենք, որ ՀՀ-ի ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի: Մենք ՀՀ-ում 100 հազարով կողմնակիցներ ունենք, բոլորդ գիտեք այդ մասին, ամեն շենքում, փողոցում, թաղում, բազմաթիվ համախոհներ, ցանկացած բնակավայրում ամենահեռավոր գյուղերում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենց խնդիրն է, իրենց համախոհներին, քաղաքացուն օգնեն հասկանալ, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք են, իրենց քաղաքական կամքը, քաղաքական ընտրությունը: «Եվ մենք այստեղ ենք որպես երաշխավոր, որ ի կատար ենք ածելու այն որոշումը, որ իրենք կանեն՝ ընտրությունը, փոփոխությունը, հաղթանակը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե եկել է ժամանակը ՀՀ քաղաքացիներին ցույց տալու, որ փակելու են կոռումպացված Հայաստանի էջը և բացելու են լուսավոր Հայաստանի էջը, որ փակելու են խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը, բացելու՝ քաղաքացիական Հայաստանի էջը, որ փակելու են խմբապետական Հայաստանի էջը, և բացելու Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի և բաժնետեր է զգում իր հայրենիքի:
ԱԺ պատգամավորը նշեց, թե Սփյուռքում ևս հազարավոր համախոհներ ունեն, որոնք սպասում են լավ օրերի, որ վերադառնան Հայաստան: «Մենք չենք մնացել նրա համար, որ համակերպվենք, այլ որ պատրաստենք նրանց վերադարձի ճանապարհը, որ ստեղծենք այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե փախչում»,- ասաց նա և շեշտեց, թե իրենք կվերադարձնեն ժողովրդի երազանքը:
«Մենք պետք է ներշնչենք Ժողովրդին, քաղաքացուն, որ երազանք ունենա, հավատա իր ապագային, մենք, անպայման, դա պետք է անենք, որովհետև ծառայում ենք ՀՀ-ին, Հայ ժողովրդին: Կեցեե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ «Ելք» դաշինքը, կեցցե՛ գարունը, որ գալու է երկու ամսից. ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»,- եզրափակեց նա: