Մեր դաշինքում պետք է լինեն նոր գաղափարներ, մարդիկ, ովքեր պատրաստ են փոխել ու փոխվել. Արայիկ Հարությունյան

«Ելք» դաշինքն իր քաղաքական հակառակորդներին պետք է ցույց տա` ո՞ւր են գնում և որքան հեռու են պատրաստվում գնալ: Այս մասին «Ելք» դաշինքի համագումարին հայտարարեց դաշինքի անդամ, ՔՊ-ն ներկայացնող Արայիկ Հարությունյանը:

«Անհրաժեշտ է ֆիքսել, որ երեք ուժերն էլ նորի ու թարմության են ձգտում, երեք ուժերն էլ դրա համադրությունն են: Մենք հետևում պետք է թողնենք մեր քաղաքական կյանքի, անցյալի գրեթե բոլոր էջերը և այդ վատ էջերը չբացենք:  Այստեղ չկան նշանակալի ձեռքբերումներ, այդտեղ, հիմնականում, ունեցել ենք նահանջներ ու կորուստներ, քաղաքական ուժերի մեծ մասը չեն ստեղծել արժեքներ»,- հայտարարեց ՔՊ վարչության խորհրդի անդամը:

Նա ընդգծեց, որ դաշինքում պետք է լինեն նոր մտքեր, նոր գաղափարներ, մարդիկ, ովքեր պատրաստ են փոխել ու փոխվել: Կարևոր է նաև սեփական անձի վերափոխումը:

«Օրերս Դավոսում հրապարակվեցին թվեր։ Հայաստանն ընդհանուր կրթական ցուցանիշներով 118 երկրներում ընդամենը 109-րդ է, 2013-ին` 74–րդն էինք: Թեպետ բարձրագույն կրթության դիպլոմով 3-րդն ենք»,- նման տվյալներ ներկայացրեց Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ թեպետ բարձրագույն կրթության ստացողների թվով 3-րդն ենք աշխարհում, բայց պատկանում «պատվավոր» 114-րդ (վերջից 5-րդ) տեղում ենք ողջ կյանքում կրթություն ստանալու (lifelong learning – անգլ.) ցուցանիշով: Կամ գիտական ինստիտուտների որակով` 96-րդ-ը` 116 րդ երկրների ցանկում:

ՔՊ անդամի խոսքով` կրթությունը պետք է շարունակվի նաև բանակում, և «զինվորը բանակից գալիս պետք է զինված լինի նոր գիտելիքներով, որը նրան անհրաժեշտ կլինի քաղաքական կյանքում»:

Նաև, ըստ նրա, պետք է ձգտել կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար, և առանձին էլիտար բուհեր ու դպրոցներ բացելով` չի կարելի հասնել լուրջ հաջողությունների, ինչը ցույց է տալիս համաշխարհային փորձը:

ՔՊ անդամը նկատեց, որ իրենց դաշինքի ապագա պատգամավորների համար այս ուղենիշները պետք է լինեն առանցքային, որովհետև «պատգամավորի աշխատանքն էլ ամեն օր սովորելու» մեջ է:

Читайте на сайте