Մենք պատրաստվում ենք ձևավորել օրենսդիր ու գործադիր իշխանություն. Արտակ Զեյնալյան
«Ելք» դաշինքում հավակնում են անցնել հանրային ծառայության` ժողովրդի մոտ և պատրաստվում են ձևավորել օրենսդիր ու գործադիր իշխանություն, և կառավարելու են ոչ թե պետական բյուջեն, այլ ազգային կապիտալը: Այս մասին այսօր «Ելք» դաշինքի համաժողովին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող Արտակ Զեյնալյանը։
«Իսկ ինչ ասել է` ազգային կապիտալ և հարստություն, ո՞րն է դա: Առաջնահերթությամբ` ՀՀ քաղաքացու ապահովության զգացողությունը, երջանկության զգացումը, առողջությունը, մտավոր և ֆիզիկական հնարավորությունները, երկրի հողի` այն ջերմացնող արևի բաժինը` ընդերքը: Սրանք զուտ զգացմունքային խոսքեր չեն, սրանք և՛ նյութական,և՛ ոչ նյութական բարիքներ են»,– ասաց նա:
Նկատելով, որ քաղաքական ուժերը մտնում են ընտրապայքարի մեջ, Արտակ Զեյնալյանը ավելացրեց. «Մենք փոփոխություններ ենք ուզում, քանզի հանրությունը, ժողովուրդը հոգնել է, հիասթափվել: Փոփոխությունները կարող են սկսվել ընտրություններով, եթե դրա արդյունքը` ելքը տարբերվի նախորդ ընտրությունների արդյունքներից: Եթե ժողովուրդը զգա, որ իր փոփոխությունները կարող են փոփոխություններ բերել, որ ինչ–որ հնարավորություն կա, շանս կա, լուծում կա, որ ելք կա»:
Արտակ Զեյնալյանը նկատեց, որ իրենց ողջ առաքելությունը նման հավատ ձևավորելն է: «Իսկ հավատը այն մոգական հավելումն է, որ ցանկացած խնդրի ավելացմամբ` այն լուծվում է: Հավատն այն հավելումն է, որ թեկուզ ֆանտաստիկ թվացող իղձերը հնարավոր է իրականություն դարձնել»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:
Ապա` նա անդրադարձ կատարեց առանձին սոցիալական խմբերի խնդիրներին: Օրինակ` ՀՀ-ում առկա է շուրջ 345 հազար վարորդական իրավունք ունեցող անձ, որոնք միասին տարեկան պատժվում են 1,5 միլիոնից 2 միլիոն անգամ: «Սա անարդարացի է, մենք չենք ապահովում նրանց լսված լինելու, բողոք բերելու իրավունքը»,-նշեց Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա` 700 վարորդներից միայն մեկն է դատարան բողոք տանում, ինչն անարդարացի է ու վատ կառավարում է:
2014-ին էլ դատարաններում քննվել է 318 հազար գործ, և ՀՀ քաղաքացին չի կարող իր վրա նման բեռ կրել: Ըստ նրա՝ սա անարդյունավետ կառավարման հետևանք է, և մարդիկ զրկվում են ողջամիտ ժամկետներում դատական կարգով վիճարկելու լինելու իրավունքից:
Արտակ Զեյնալյանը նաև հավելեց, որ «Ելքի» կառավարությունն ապահովելու է մարդկանց գաղափարների ինքնարտահայտման, ինքնադրսևորվելու իրավունքը, «Ելքի» կառավարման օրոք չեն լինելու խռովածներ, օտարներ, զրկվածներ, մերժված մարդիկ, անարդարության զոհեր: Սա, իրավաբանի մեկնաբանությամբ, ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրության նախաբանում: