Մարդիկ սպասում են փոփոխությունների, և մենք ավելի լավ կյանք կարող ենք ապահովել նրանց. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը «Ելքի» առաջին համաժողովին մի փոքրիկ դրվագ ներկայացնելով սկսեց իր ելույթը, թե ինչպես էր իրեն հաջողվել կայանել մեքենան, դիմացի ՀՀԿ գրասենյակի մոտ և որտեղի աշխատակիցը իմանալով «Ելքի» մասին, զարմացել էր. «Բոլորը մուտք են փնտրում, դուք ե՞լք եք փնտրում, այ ախպեր ջան»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդուհանդերձ վստահ է, որ հազարավոր քաղաքացիներ այս օրերին ելք են փնտրում: Նա դիմելով ներկաներին՝ հարցրեց. «Իրապես կա՞ ելք այս իրավիճակից»: Ծափողջյուներով ու այո բացականչություններով հաստատեցին:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Ելքի» գործողությունները, ծրագրերն իրենք կվերածեն խաղաղ իշխանափոխության: Ըստ նրա՝ իշխանությունները, Կառավարությունը Հայաստանը դարձրել են «դիսկոմֆորտների երկիր», որտեղ քաղաքացին պետք է անընդհատ անհանգիստ լինի, որ օր ու արև չտան: Ըստ նրա՝ այդ փակ իրավիճակից առաջարկում են՝ ելք:
 
«Մարդիկ իսկապես սպասում են փոփոխությունների, և մենք ավելի լավ կյանք կարող ենք ապահովել մեր քաղաքացիների համար, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ՀՀ-ն կդարձնեն Հարավային Կովկասում առաջատար երկիր: Փոփոխությունները Հայաստան են գալիս Ելքի դաշինքի միջոցով, ֆիքսեք, չկա այլ ելք»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը մատնացույց արեց Վանաձորի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը, որտեղ չեն կարողանում ավագանու նիստ գումարել: «ՀՀԿ-ին Վանաձորում դարձրել ենք չամչի գրավ: Առաջին անգամ ՀՀԿ-ն փոքրամասնություն է ՀՀ-ի երրորդ քաղաքում, սա է ընտրության ճանապարհը և մենք գնալու ենք այդ մոդելով»,-ասաց նա և նշեց, որ իրենք ունեն ժամանակ և դա այսօր է:

««Ելքը» ապագայի դաշինք չէ, այսօրվա է, այսօր են լավ ուզում մարդիկ ապրել, իսկ «Ելքը»  Ճանապարհը ցույց  է տալիս, դա ընտրությունների միջոցով է, որ ապրիլի երկուսին կանգնել ձեր իրավունքով մասնակցել երկրի կառավարմանը ՀՀԿ-ին և իշխող համակարգին դարձրեք փոքրամասնություններ, վայելեք նրանց ընդդիմադիր ելույթները, դա շատ հուզիչ է, մենք վայելում ենք դա Վանաձորում: Բոլորն ասում են՝ հաղթելու ենք, ես ասում եմ՝ կըրիլ տենք»,-եզրափակեց նա:

Читайте на сайте