Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի  կողմից քրեական հետապնդման նպատակը քաղաքական է. Արա Ղազարյան (տեսանյութ)

Անձի հայտնած կարծիքը ոտնձգություն չէ որևէ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանը դուրս է գալու աշխարհակարգի դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով Բելառուսի դատախազության կայացրած՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը:

«Ադրբեջանն ու Թուրքիան վարում են նույն քաղաքականությունը: Ադրբեջանը ցանկանում է կիրառել իր օրենսդրության 281-րդ հոդվածը, սակայն անձը չպետք է հետապնդի իր հայտնած կարծիքի համար, քանի դեռ բռնության ու ատելության կոչեր չի արել: Լապշինն այցելել է ԼՂՀ և իր բարի կարծիքը հայտնել հայերի մասին, այդ պատճառով Ադրբեջանը քրեական հետապնդում է հայտարարել»,- ասաց փաստաբանը, և հավելեց, որ Ադրբեջանը գնում է Եվրոպայի խորհրդի կարգի դեմ:

Արա Ղազարյանի խոսքով՝ Լապշինի գործը հիմք է տալու դիմելու տարբեր միջազգային կառույցների, որպեսզի կանխվի արտահանձնումը.«Այս ամենը ենթադրում է, որ Լապշինը կենթարկվի խոշտանգումների, որի հիմքում ընկած է ռասիզմը՝ հայատյացությունը: Լապշինը ենթարկվում է քրեական հետապնդման, ոչ թե նրա համար, որ հանցագործություն է կատարել, այլ որ հայերի նկատմամբ լավ կարծիք է հայտնել: Քրեական հետապնդման նպատակը քաղաքական է, ոչ թե հանցավորության դեմ պայքարը»:

Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները: Դրանից հետո որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Читайте на сайте