«Ելքի» հույսը քաղաքացիական գիտակցություն ունեցողների վրա է. Արամ Սարգսյան

«Ելք» դաշինքի առաջին համաժողովին առաջինը ելույթ ունեցավ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ներկաներին փոխանցեց իր մոր, Գրետա մայրիկի օրհնությունը:

«Պատմությունը կրկնվում է, բայց ոչ մի կրկնություն ամբողջական չէ, միշտ լինում են նորություններ, փոփոխություններ, եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխվում է  պատմությունը, մենք փորձում ենք փոխել պատմությունը և ելք տալ»,-հայտարարեց նա:

Արամ Սարգսյանը նշեց, թե այս ընտրություններին ինչ պետք է չանեին, անելու են: «Անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,-ասաց նա: Ըստ նրա՝ իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում դոլարային միլիոնատերերի ու պաշտոնյաների է նշանակել, ու վստահ է, որ վարչական ռեսուսրի և փողի ուժով կհասնեն հաղթանակի. «Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, որ փող աշխատի»:

Կուսակցության նախագահը նշեց, թե իշխանության հույսը եթե նախկինում մեռած հոգիներին բերման ենթարկելն էր, կամ բացակաների փոխարեն ավտոբուսներին մարդիկ բերելով ընտրություններ անցկացնելը, հիմա արդեն հույսը դրել են աղքատության շեմին հասնող քաղաքացիների ձայնը գնելուն՝ 10 000, 20 000, եթե պետք լինի՝ նաև 50 000 դրամով:

«Ի՞նչ ելք ունի աղքատության հասած ընտրողը, ՀՀԿ-ն ասելու է՝ լավ է լինելու, փող է բաժանելու, ոչ իշխանականներն ասելու են, որ ՀՀԿ-ն է վատը, որ իրենց ընտրեն լավ է լինելու, ու էլի փող են բաժանելու»,-ասաց նա և շարունակեց, թե մնացած ուժերը ևս իրարից չեն տարբերվում:

«Նայելով այս ուժերին ակնհայտ է դառնում, որ ելքը մենք ենք, «Ելքն» է, որ ազատ անկաշկանդ ու ոչ ձևական է քննադատում իշխանություններին, որ գաղափարը, սկզբունքայնությունը ապացուցել է զրկանքներով, բանտերով»,- ասաց նա և նշեց թե հաղթում է ոչ թե նա, ով հարուստ է ու մեծ ռեսուրսներ ունի, այլ նա ով հոգով է հարուստ և դա ապացուցվել է  90-ականներին:

Արամ Սարգսյանը դիմելով ընտրակաշառքով ընտրողներին, ասաց, թե իմացեք քվեարկությունը գաղտնի է, ոչ մեկ չի կարող հսկել, իսկ քաղաքացիական գիտակցություն ունեցողներին դիմելով՝ նշեց, թե «Ելքի» հույսը նրանց վրա է:

«Ձեզ վրա է մեր հույսը, ձեզ եմ խնդրում ակտիվ մասնակցեք փոփոխությանը, մեզ հետ միասին պայքարեք ու վստահեք, մենք նույնքան անկեղծ ենք, այդ ներուժը արկածախնդրության չտանելով արդյունքներ կապահովենք»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, թե չէր մասնակցի, եթե չտեսներ ու վստահ չլիներ, որ անկաշառ ընտրության դեքպում «Ելքը» ԱԺ-ում պատկառելի ներկայություն է ունենալու: Իսկ եթե իշխանությունը զոռբայությամբ կեղծիքների գնա, ապա դուրս կգան բողոքողների հետ  հրապարակ, որոնց թիվը նա վստահ է, որ շատ-շատ մեծ է լինելու:

«Կասկած չկա, որ այդ ժամանակ հրապարակում եք լինելու։ «Ելքը» հակված է անցնցում առանց ընդհանրումների փոփոխության, թե այլ ճանապարհ ընտրի, միևնույն է դա իրենց չի փրկելու: «Ելքը» բոլորիս «մենք» դառնալն է, Աստված օգնի և բարի երթ»,-ասաց նա: 

Читайте на сайте