Արեն Հարությունյան. Նամակ «Ավրորայի» հերոսին

Սիրելի Մարգարիտ Բարանկիցե,

Արտահայտման ամենաբարդ խնդիրն ունենում են երախտիքի խոսք հայտնող մարդիկ, իսկ այս դեպքում շատ ավելի խրթին է շնորհակալ լինել սահմաններ չճանաչող հոգածության անսահման դրսևորման համար: Թերևս, ձեր նման հերոսների արժեքը հասկանալ կարող են ցեղասպանության դաժան ցավը որպես դրոշմ ունեցող ազգերը միայն, սակայն գնահատել ունակ են գրեթե բոլորը, որովհետև գնահատելու համար պետք  չէ հմուտ աչք կամ երկարամյա փորձ:

Ինչպես շատ հաճախ չհասկանալով ենք գնահատում այն ամենը ինչ-որ փորձել են փոխանցել հանճարները, նույնպես և ձեր թողածը կգնահատվի, քանզի պատասխանատու հոգատարությունը գնահատելու համար միայն մահկանացուներիս հասու ապրումակցման զգացումն է անհրաժեշտ: Իսկ ի՞նչ է պետք բարության համար: Բարության համար սրտի համաչափ զարկեր են պետք, տիկին Մարգարիտ, և ինչպես դուք եք ասում, հույսի արցունքներ:

Ահավասիք, արցունքն ամենևին հիասթափության և ցավի խորհրդանիշ չէ այլևս, և արցունքները չեն թափվում լոկ կորստի համար: Ոչ էլ դրանք հեղվում են միայն ի նշան երջանկության: Արցունքները նաև ահռելի աշխատանքի համար թափված քրտինքի տրամաբանական շարունակությունն են, բարության ժայթքման նուրբ նյութականացումները: Հույսի արցունքները դեռ շատ են ողողելու փոքր, բայց արժանապատիվ ազգերի պատմությունը, դեռ շատ են գրվելու պատմության դասագրքերում, շատ են բեմադրվելու աշխարհահռչակ թատրոններում, շատ են ցնցելու մարդկանց ամենախոր զգացական հիմքերը ու շատ են մաքրելու ճակատագրի դաժան հարվածները, քաղաքականության կոպիտ ու ոճրագործ որոշումների վերքերը: Այդ արցունքներն արդարացնում են ու դեռ կարդարացնեն կորուսյալ կյանքերի պայքարը հանուն արդարության և արժանապատվության, դեռ կբյուրեղացնեն նրանց գործն ու վառ հիշատակը:

Բայց սա դեռ դրանց սպառիչ արժանիքները չեն: Հույսի արցունքները վերստին ոգեկոչելու են բարեգործության սրբացված նպատակները, նորեն ծածանելու են դրոշակակիր գաղափարներն այն, որ մեզ հայտնի են փոխօգնության համապարփակ քարոզներով, համապարտ համերաշխության ուսմունքներով: Այդ արցունքները պետք է ապրեցնեն ձեր նման առաքինի մարդկանց, տիկին Մարգարիտ, քանզի նոր առաքելություններ պետք է կյանքի կոչվեն՝ նոր անձնազոհներ ներգրավելով մարդասիրական նախաձեռնությունների: Այդ արցունքները նոր Վերածնունդ պետք է ավետեն, տիկին Մարգարիտ, նորը, քանզի մարդասիրության սահմանները աշխարհագրորեն չեն չափվում, դրանք վերջանում են այնտեղ, որտեղ վերջանում է մարդը՝ որպես լուսավոր ու սեփական քայլերի զորությունը գիտակցող էակ:

Հույսի արցունքները նոր հաղթանակների նախանշաններն են: Եվ ո՞վ ասեց, որ հաղթողներին չեն դատում: Հաղթողների ամենածանր դատաստանը ժամանակն է, և Դուք ապացուցեցիք, որ հաղթելու համար պետք չեն բազմահազարանոց, լավ զինված բանակներ, տնտեսական ճնշումներ, շահեր կամ հմուտ դիվանագետներ: Դուք օրինակ ծառայեցիք, որ իրական հաղթանակաները մի ազգի պատկան չեն, այլ ուղղված են դեպի համայն մարդկությունը: Ես երախտապարտեմ Ձեզ, որ Դուք որպես զենք ունեցաք միայն բարությունն ու հույսի արցունքները` որպես անմար և անփոխարկելի արժեքներ:

Դեպի նորանոր հաղթանակներ

Ձեզ մշտապես երախտապարտ՝ Արեն Հարությունյան

Читайте на сайте