Ըստ տվյալների՝ Ադրբեջանը որոշակի սպառազինության դիմաց ՌԴ-ին չի կարողանում վճարել. Տարոն Հովհաննիսյան
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ:
«Որևիցե հստակ պայմանավորվածության մասին խոսք չկա: Ալիևը նշել է, որ ներկայումս դեռ նախկին պայմանագրերն են շարունակում ավարտին հասցնել և ամենայն հավանականությամբ ինչ-որ բանակցություններ կարող են լինել, երբ որ այդ գործարքները ավարտվեն»,-ասաց նա և հայտնեց, որ 2016 թվականի ընթացքում տվյալներ հայտնվեցին, ըստ որի՝ Ադրբեջանը դեռևս որոշակի սպառազինության դիմաց Ռուսաստանին չի կարողանում վճարել:
Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանն անցած տարի հայտարարել էր նաև Պակիստանից և Իսրայելից նոր սպառազինություն գնելու մասին, թեև Պակիստանի հետ նման համագործակցություն չի ունեցել, բայց հստակ պայմանավորվածություններ դեռևս չկան:
«Թեև ներկայում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հստակ պայմանավորվածություն չկա, ընդամենը բանակցությունների մասին է խոսվում, սակայն չենք կարող բացառել, որ կարող են նոր համաձայնություն ձեռք բերել և նոր սպառազինություն գնել, թե ինչ սպառազինություն, հնարավոր չէ նախապես ասել: Երկրորդը՝ սա նաև քարոզչական որոշակի ուղերձ է, որ Ադրբեջանը շարունակելու է զինվել և իրենց ագրեսիվ քաղաքականության արտահայտումն է, սակայն չենք կարող ասել, թե այդ հայտարարությունը որքանով է քարոզչական, որքանով՝ կիրառական»,-ասաց նա: