Արցախում չկա իշխանության ժառանգական փոխանցման ավանդույթ, մայր օրենքը չի փոխվում Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելու համար. նախարար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Ըստ նրա՝ այս պարագայում մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարևորությունը, որը հնարավորություն կտա ճգնաժամային իրավիճակներում արագ ու արդյունավետ որոշումներ կայացնել: Նախարարը չհամաձայնեց այն կարծիքների հետ, թե առաջարկված նոր Սահմանադրությունը, որը փետրվարի 20-ին կդրվի հանրաքվեի, «սուպերնախագահական»› է: Արարատ Դանիելյանը նաև չհամաձայնեց տեսակետների հետ, թե Սահմանադրությունը փոխվում է նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար:
- Oրերս ԼՂ նախագահ Բակո Սահակյանը ստորագրեց հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Մինչ այդ, նախագիծը քննարկվեց խորհրդարանում, ԱԺ պատգամավորներն առաջարկություններ են արել՝ փաստաթղթին ամբողջական տեսք հաղորդելու համար: Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, նոր մայր օրենքը:
- Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովի պատգամավորներին է ներկայացվել 2016 թ.-ի դեկտեմբերի 29-ին, որից հետո՝ 2017 թ.-ի հունվարի 9-11-ը պատգամավորները հնարավորություն ստացան ներկայացնել իրենց առաջարկությունները: Սահմանադրական բարեփոխումների այս փուլը, իհարկե, մեծ նշանակություն ունի, քանի որ պատգամավորները ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչներն են: Պատգամավորների կողմից արվել են բազմաթիվ բանավոր և գրավոր առաջարկություններ, որոնց մի մասը ընդունվել և ներառվել է Սահմանադրության նախագծի տեքստում, ինչի արդյունքում նախագիծը դարձել է ամբողջական, առավելագույնս հաղթահարվել են ներսահմանադրական բացերն, անհստակությունները և թերությունները, կատարվել են խմբագրական շտկումներ:
- Մասնավորապես քանի՞ առաջարկություն եք ստացել պատգամավորներից, դրանցից որո՞նք են Ձեզ համար ընդունելի, որոնք՝ ոչ:
- Սահմանադրության նախագծի խորհրդարանական քննարկումների արդյունքներով ներկայացվել են 184 առաջարկություն, որոնցից 19-ը բովանդակային առումով կրկնվող էին: Ներկայացված առաջարկություններից ընդունվել են 30-ը, որոնցից 17-ն ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել 154 առաջարկություն, որոնցից 13-ը՝ Սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու, 25-ը փոխկապակցված և հիմնական առաջարկությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ: Ներկայացված առաջարկություններից 28-ը չեն ընդգրկվել Սահմանադրության նախագծի տեքստում, քանի որ այդ իրավահարաբերությունները նպատակահարմար է կարգավորել օրենքով:
- Առաջարկված հայեցակարգն ընդունելուց, Սահմանադրությունը փոխելուց հետո դեպի ո՞ւր է գնալու Լեռնային Ղարաբաղը, արդյոք մայր օրենքը նպաստելո՞ւ է երկրի կայացմանը, զարգացմանը, պետականության ամրապնդմանը:
- Նոր Սահմանադրություն ընդունելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կթևակոխի պետականաշինարարության նոր ժամանակաշրջան՝ հիմնված կառավարման նախագահական ձևի վրա: Այդ գործում հաղթանակներն ուղղակիորեն կախված են առաջադիմական, ժամանակի պահանջներին համապատասխանող հիմնական օրենքից, որը կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը, ինչպես նաև անմիջական ժողովրդավարության ինստիտուտների կատարելագործմանը:
Համոզված կարող ենք լինել, որ ԼՂՀ նոր Սահմանադրությունը կարող է դառնալ նոր հաղթանակների և ձեռքբերումների սկիզբը՝ այն նախապայմանով, որ այն պետք է հետևողականորեն իրագործվի: Այսինքն՝ Սահմանադրությունը չպետք է մնա լոկ թղթի վրա կամ նրա դրույթները ունենան հռչակագրային բնույթ:
- Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով՝ Արցախում կա՞ր նման փոփոխությունների կարիք: Նախորդ Սահմանադրությունն իրեն չէ՞ր արդարացնում:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թ.-ի Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով:
Գործող Սահմանադրության առանցքային խնդիր շարունակում է մնալ պետական իշխանության մարմինների սահմանադրական գործառույթների ու իրավասության ներդաշնակումը, դրանց հայեցողության սահմանների հստակեցումը, իրավունքով իշխանության սահմանափակման իրական նախադրյալների ստեղծումը: Միաժամանակ, մարդու իրավունքների սահմանափակումների և իշխանության հայեցողության սահմանների հստակեցմանը վերաբերող հարցերի սահմանադրաիրավական ներկա լուծումները բավարար ներդաշնակ չեն արդի սահմանադրական զարգացումների միտումների հետ, լիարժեք չէ անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքների պաշտպանության համակարգը, գործնականում սահմանադրական մակարդակում չի երաշխավորվում իրավական պետության չափորոշիչներին համարժեք իրավունքի պաշտպանություն: Ուստի բարեփոխումները համալիր են, ընդգրկում են ինչպես անձի սահմանադրական կարգավիճակին առնչվող, այնպես էլ պետության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
- Բազմաթիվ քննադատություններ հնչեցին, թե նախագահական կառավարման համակարգը, որը նախատեսված է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով, կիրառելի չէ Ղարաբաղի պես փոքր երկրի համար: Երբ դեռ նախնական քննարկումներ էին արվում, խոսվում էր խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու մասին, բայց դրանից Արցախը հրաժարվեց ապրիլյան իրադարձություններից հետո՝ պատճառաբանությամբ, թե պատերազմական դրության մեջ գտնվող երկրում անկայունություն կառաջանա: Ընտրված սուպերնախագահական մոդելը նպաստելո՞ւ է անվտանգության ապահովմանը, դարձնելո՞ւ է անվտանգության ապահովման մեխանիզմն ավելի դյուրի՞ն:
- Նախ և առաջ պետք է նշեմ, որ կառավարման ձևը կախված չէ երկրի մեծ կամ փոքր լինելուց. այն անհամեմատ ավելի լայն և ընդգրկուն հասկացություն է, և կոնկրետ կառավարման ձև ընտրելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են քաղաքական համակարգը և մշակույթը, կուսակցական համակարգի զարգացվածության աստիճանը, անցյալի փորձը, քաղաքական իրադրությունը: Կառավարման առաջարկված մոդելը ընտրել ենք՝ հնարավորինս հաշվի առնելով բոլոր գործոնները, նախադրյալները, ժողովրդի անվտանգությունը, հասարակության տրամադրությունները և ոչ թե միայն ապրիլյան իրադարձությունները: Բացի այդ, եթե այսօր ԼՂՀ և ՀՀ օրենսդրությունների զգալի մասը նույնական են, տարբեր ոլորտների բազմաթիվ իրավահարաբերություններ կարգավորվում են միատեսակ, չի նշանակում, որ կառավարման ձևը ևս պետք է նույնը լինի: Կառավարման ձևը սահմանադրական փոփոխության կարող է ենթարկվել, եթե առկա են դրա արդյունավետությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին: Այս պարագայում երկրի համար էականորեն մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի կարևորությունը, որը հնարավորություն կտա ճգնաժամային իրավիճակներում արագ ու արդյունավետ որոշումներ կայացնել:
Ես սկզբունքորեն դեմ եմ ‹‹սուպերնախագահական›› տերմինի օգտագործմանը, քանի որ մեր պարագայում, ընդհակառակը, կարևորվում է խորհրդարանական հակակշիռների դերակատարությունը: Չի կարելի ‹‹սուպերնախագահական›› կոչել այն երկիրը, որտեղ բոլոր ատյանների դատավորներ կնշանակվեն խորհրդարանի կողմից և երկրի նախագահը այդ գործընթացներին մասնակցություն չի ունենա, որտեղ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում հնարավոր կլինի պաշտոնանկ անել նախագահին, որտեղ նախագահը կունենա խորհրդարանն արձակելու իրավունք, որտեղ երաշխավորված է տեղական ինքնակառավարումը:
- Համաձա՞յն եք արդյոք կարծիքների հետ, որ Սահմանադրությունը Ղարաբաղում փոխվում է նախագահ Բակո Սահակյանի իշխանության երկարաձգման համար: Նման եզրակացություններ են արվում՝ հաշվի առնելով այն դրույթը, ըստ որի՝ Բ. Սահակյանը կարող է շարունակել պաշտոնավարել մինչև 2030թ.-ը:
- Ոչ, համաձայն չեմ: Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնման դրդապատճառների վերաբերյալ կարող են բազմաթիվ կարծիքներ, ենթադրություններ, սուբյեկտիվ մեկնաբանություններ հնչեցվել մասնագետների և ոչ մասնագետների կողմից: Իրականում նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված ներկայացվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում, իսկ Սահմանադրության նախագծում չկա այնպիսի դրույթ, որը հիմք հանդիսանա նման եզրակացությունների համար:
ԼՂՀ անկախության 25 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները, և հատկապես 2015թ. խորհրդարանական ընտրություններն առանձնանում էին իրենց թափանցիկությամբ, ժողովրդավարությամբ և օրինականությամբ: Ի տարբերություն մեր հակառակորդի՝ ԼՂՀ-ում չկան իշխանության ժառանգական փոխանցման կամ իշխանության վերարտադրության ավանդույթներ: Ժողովուրդը և ժողովրդի կողմից ձևավորված ներկայացուցչական մարմինները ինքնուրույն են լուծում իրենց իրավասության մեջ մտնող հարցերը:
2016 թ.-ի ընթացքում հանձնաժողովի կողմից կազմակերպվել են հանրային քննարկումներ քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանրային քննարկումները բաց էին, մասնակիցները բավականին ակտիվ էին, և իրենց կողմից արտահայտած հարցերում թերևս այդպիսի մտավախություններ առկա չէին: