«Ելքին» միանալու հարց Ժառանգության վարչության նիստում չի քննարկվել. Արմեն Մարտիրոսյան

«Ելք» դաշինքի առաջին համաժողովին այսօր մասնակցում էր նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը, սակայն, մինչ համաժողովի ավարտը  լքեց այն:

Փոխարենը «Ելք» դաշինքի անդամ քաղաքական գործիչները բավական լավատեսական հայտարարություններ արեցին «Ժառանգության»՝ «Ելք»-ին հնարավոր միացման առթիվ: Մասնավորապես «Ելք» դաշինքի համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե «Ժառանգություն» կուսակցությունը ևս հնարավոր է միանա «Ելք» դաշինքին, քանի որ ունեն գաղափարական ընդհանրություններ՝ հավելելով, որ այս պահին էլ ունեն որոշակի քննարկումներ «Ժառանգություն» կուսակցության հետ:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյան էլ ասել է, որ «Ելք» դաշինքը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո վերսկսել է ակտիվ քննարկումները «Ժառանգության» հետ և այդ պատճառով «Ելք»-ի ցուցակը դեռ չի հրապարակվում, քանի որ չի բացառվում, որ  «Ժառանգությունը» միանա իրենց և դաշինքը այդ պարագայում կունենա 4 առաջնորդ։

Հասկանալու համար, թե որքանով են իրատեսական «Ելք»-ի հույսերը «Ժառանգության»՝ իրենց միանալու առթիվ, Tert.am-ը դիմեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: «Իրատեսական են այնքանով, որ առաջին օրից մինչև այսօր մենք իրար հետ շփումների մեջ: «Ելքի» կայացման սկզբնական հատվածում, ըստ էության, «Ժառանգությունը» մասնակցություն է ունեցել: Եվ մենք էլ իրենց բարին ենք մաղթել, երբ հայտարարվեց, որ 3-ով դաշինք են կազմում: Մնացածը հետագա քննարկումները ցույց կտան: Բայց մեր ցանկությունը մնում է նույնը, որ լայն դաշինք լինի, բոլորը իրար հետ միավորվեն և իսկապես փոփոխություններ տեղի ունենան»:

Հարցին, թե «լայն դաշինք» ասելով նկատի ունի՞ նաև Սեյրան Օհանյանի-Վարդան Օսկանյանի դաշինքին, «Ժառանգության» փոխնախագահն ասաց. «Բոլորին: Մենք կողմնակից ենք լայն դաշինքին, որ նաև «Ելքը» լինի, նաև այլ կուսակցություններ լինեն»:

Հետաքրքրվեցինք, թե «Ժառանգության» վարչության նախօրեի նիստում քննարկվե՞լ է «Ելք»-ին միանալու հարցը, Արմեն Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց. «Վերջին օրակարգի հարցը եղել է, թե ինչ իրավիճակ է քաղաքական դաշտում և մեր վարչականների պատկերացումներն ենք լսել: Բնականաբար և՛ «Ելք»-ն է քաղաքական դաշտի մաս կազմում, և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Վարդան Օսկանյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը: Դրա համար բոլորի վերաբերյալ ինֆորմացիա տրվել է:  Կոնկրետ որևէ մեկին միանալու հարց չի քննարկվել»:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են վարչության առաջիկա նիստում քննարկել «Ելք»-ին միանալու հարցը,  «Ժառանգության» փոխնախագահն ասաց. «Բոլոր տարբերակները, երբ որ քվեարկության ժամանակը կգա, անպայման կքննարկվի և կքվեարկվի: Մենք որևէ դաշինքով գնալու կողմնակից ենք, որը կարող է իշխանափոխության բերել: Իշխանափոխություն հնարավոր է, երբ կձևավորվի այնպիսի ուժային կենտրոն, որի դեպքում հասարակությունն իր ճնշող մեծամասնությամբ կմիանա այդ դաշինքին»:

Читайте на сайте