Արփինե Բակունց. Նամակ «Ավրորայի» հերոսին

«Մարդը կարող է ուրախության ու երջանկության հավակնել
սոսկ այն չափով, ինչ չափով նա տալիս է այն ուրիշներին»:
Էռնստ ֆոն Ֆեյխտերսլեբեն


Սիրելի՛ Մարգարիտ

Փրկագործության այդ լուսաշող, թեպետ դժվարին ճանապարհին Դուք երկնքից թափվող մանանայի պես բաշխում, հազարապատկում եք Աստծուց Ձեզ ընծայված մի հատիկ կյանքը: Սրբամատյանում հիշատակվում է մարգարիտներ շաղ տալու խորհուրդը: Դուք, անշուշտ, գտել եք Ձեր շուրջն անխնա սփռած մարգարտահատիկների ճշմարիտ հասցեատերերին՝ մայրական գիրկ ու գորովանք փափագող ողորմած Աստծո գթատենչ զավակներին… Կանցնեն տարիներ, գուցե հազարամյակներ, Ձեր սիրուց թևածած այդ անթև հրեշտակներն ու Բուրունդի աշխարհի իրենց սերունդները երախտագիտության թելերից հյուսված հերոսապատումներ կձոնեն Ձեզ, ինչպես մեր աշխարհասփյուռ Ավրորաներն են կտակել մեզ իրենց՝ յաթաղանից մազապուրծ, փյունիկ-կյանքի քաջագործությունները…

«Քաղաքակիրթ» աշխարհն անտարբերության թմբիրի մեջ նիրհում էր, երբ Դուք հրաշքով դիմակայում էիք չարությունից ու ատելությունից խենթացած ամբոխի վայրագություններին: Պատերազմածին ու մարդատյաց այս աշխարհում, որտեղ բնության ամենաբանական էակը նույն այդ բնության գազանաբարո գիշատչին գերազանցել է իր բնազդով, Ձեր՝ Մարդու գալուստն այս աշխարհ անհետաձգելի ու ավելի քան հրատապ էր, այո՛, Դուք առաքինի Ձեր առաքելությամբ այդ թոհուբոհի մեջ ողջ տիեզերքին մատնացույց արեցիք մարդու մի ուրիշ՝ վեհ ու աստվածակերպ տեսակը: Իսկ քանի՜ քանիսը ձեր շարքերից կյանքի ու մահվան այդ ահռելի հորձանուտում մարտիրոսացան…

Աշխարհն անհոգի ցեղասպանի տեսքով պատկերեց մարդու հրեշավոր ծաղրանկարը, իսկ հետո այդ հրեշի հոգում կարեկցանքի լույսեր վառելու անհագ տենչով արարեց նրա հրեշտակային դիմանկարը: Առաջիններն անիծվեցին, երկրորդներն անմահացան, իսկ ինձ համար տիեզերքի ամենամեծ առեղծվածը մնաց ոչ թե այն, որ առաջինները զղջացին գուցե, այլ այն, որ երկրորդներն այդպես էլ չչարացան. մի անհուն զորությամբ ցավը խեղդեցին բարության, քենը՝ խաղաղաբեր պատգամների մեջ, իսկ վիրավոր հոգին վերածեցին կարեկցանքի հուսավառ կացարանի…

Մարդասերի Ձեր կյանքը մի խիզախ զոհաբերություն է Տիրոջ զոհասեղանին՝ հանուն պայծառ երկնքի, արևի շողերի ներքո արժանավայել ապրելու՝ անօթևան-հալածվածի խաղաղ կյանքի հրամայականի: Արհավիրքից փրկվածներին մի կտոր հացից առավել հույս ու թևեր էին անհրաժեշտ, ու Դուք այնպես արեցիք, որ այդ բախտալքված թշվառներից արժանապատիվ կյանքի արքայազուններ ու արքայադուստրեր կերտվեն, որոնց Դուք քարուքանդ մեղվափեթակի պարսերի պես կրկին ժողովեցիք կենարար նեկտարի շուրջը...

Դուք չընկրկեցիք ու չերերացիք սարսափազդու չարիքներից, այլ ճյուղատված ու սպիացած ծառի պես բողբոջեցիք ու ծաղկեցիք՝ առաջվա պես ներողամտության ու գթասրտության պտուղներ տալով. չէ՞ որ Ձեր կյանքն էիք նվիրաբերում: Դուք «Մայր Թերեզա» գթառատության ծաղկաբույլի բուրավետ ծաղիկներից մեկը դարձաք, Մարգարի՛տ…

Համայն աշխարհի ոչ մի բառարանում չեմ գտնի համարժեք մի բառ՝ բնութագրելու Ձեզ՝ մարդասիրությունն իր միակ ազգությունն ու դավանանքը դարձրած, Խաղաղության Տուն տանող ուխտավորին...

Համոզված եմ, որ Ձեր աջակցությունը ստացած բյուրավոր հովանավորյալներն ու, ինչու՞ չէ, այդ հրաշագործություններից խանդավառված հազարները տիեզերքով մեկ սփռելու են մարդասիրության ծլարձակած սերմերը, որ աշխարհը դառնա մի մեծ ու հյուրընկալ խաղաղության տուն, որ այնտեղ ապրեն ու արարեն ոչ թե բռնություններից պատսպարված էակներ, այլ միմյանց սատարող, հանդուրժողականությամբ համակված մարդասերներ…

Երախտապարտ եմ Ձեզ, քանզի Ձեր շնորհիվ է, որ հասարակ մահկանացուիս հոգու անձավներում խամրած, մանանեխի հատիկի չափ հավատը վերաճեց լավատեսության դրախտային ծաղկունքի ու վերածնվեց, ինչպես վերածնվեցին Ձեր զավակները…

Հպարտ եմ, որ հենց իմ՝ սպիավոր ծառի պես ճյուղատված ու պտղաթափված, սակայն բունը հաստացած ու կարծրացած Հայաստան աշխարհի զավակների ձեռքով է Ձեզ շնորհվել Մարդասերի դափնեպսակը: Դուք աշխարհն իր թևերի տակ առած հսկայական Կենաց ծառի վնասված, ապա վերստին նորոգված մի շյուղն եք, որն արդ բյուրավոր ընձյուղներ է տվել…

Խոնարհումս Ձեզ՝ բարության հունդերի՜ սերմնացան. այն հունդերի, որոնց ցանքսերից դեռ ամուր ծիլեր պիտի հառնեն, ու նրանցից յուրաքանչյուրը հույսի ծովացող լիճ պիտի դառնա, որտեղից Ձեր թափած արցունքների փոխարեն պիտի հորդեն սիրո գետերը, որպեսզի իրենց ընդոստ շառաչյունով ի լուր աշխարհի աղաղակեն. «Եթե դու ունես կարեկցանք, քեզ ոչինչ չի կարող կանգնեցել…»:

…Ինչքա՜ն երջանիկ մարդ եք, Մարգարիտ Բարանկիցե…


Խորին ակնածանքով՝ Արփինե Բակունց

Читайте на сайте