Մարիաննա Մովսեսյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Դուք տեսել եք բազում մայրամուտներ և դարձել հենց այն արևը, որ ծագեց նորից…
Կա՛թ, կա՛թ…կա՛թ: Արդեն մտքերիս վերջին կաթիլներն են ներծծվում արյանս մեջ, և երկար ժամանակ հոգուս կաթիլային ներարկումից ենթագիտակցությանս մեջ գոյացել է ահռելի մի ծով, ինչն էլ կնիքն է այն ապացույցի, որ ես իմ ավարտուն մտքերի ծովով ինքս իմ առջև ու ձեր՝ հազարավոր ու միլիոնավոր ծովերի առջև պատրաստ եմ խոսել: Էլ չեմ դիմանում մտքերիս ծանրությունից, հոգիս ազատվել է ամեն տեսակի կապանքներից և հասել այն վերջնակետին, որն ինձ թույլ է տալիս սկսել:
Բարև՛ Ձեզ, Մարգարիտ Բարանկիցե:
Ես գրում եմ այս նամակը, քանի որ ձեր սիրո քամիները ինձ էլ են դիպչել, ինձ էլ են պարուրել իրենց գրկում և տաքացրել: Ձեզ ճանաչելուց հետո ես նոր եմ հասկանում, թե ինչու էր դաշտի կարմիր մանուշակը այդպես գեղեցիկ ժպտում, և ինչու էր փողոցով վազվզող մանուկը այդքան երջանիկ: Դա ձեր ոչ երկրային,այլ տիեզերական սիրո արդյունքն է: Ձեր օրգանիզմում 80% ջրի փոխարեն սեր է, որը դուք աստղերից հյուսված ճանապարհով ուղարկել եք տիեզերք, իսկ տիեզերքը իր արտացոլանքով ճառագայթում է մեզ: Ես միշտ երջանիկ եմ եղել, շատ երջանիկ, սակայն ոչ ավելի երջանիկ, քան ձեր ծաղկեցրած պարտեզները՝այն երեխաները, որոնց ես կկոչեմ ամենազարմանալի առեղծվածությամբ օժտված, շատ դժբախտ, բայց երջանկության մեջ լողացած երեխաներ, որոնց դուք բնակեցրիք «Խաղաղության տուն» կոչվող կացարանում: Իսկ դուք երբևէ մտածե°լ եք, որ այդ կացարանը հենց ձեր սիրտն է: Երբևէ մտածե°լ եք, թե ինչպես մարդու ընդամենը բռունցքի չափ սրտի մեջ կարող է այդքան մարդ տեղավորվել: Եվ գնալով այդ սրտի տնակը ավելի ու ավելի է մեծանում, և դռներ բացում կյանքի բոլոր հյուրերին: Ես էլ ունեմ այդպիսի մի տնակ: Իմ սրտի տնակն էլ է շատ մեծ, շաաատ և բազում բնակիչներ ունի, բայց եթե համարձակություն ունենամ համեմատել իմ տնակը և ձերը, անկասկած կասեմ, որ ձերը տիեզերք է, իսկ իմը՝ այդ տիեզերքում փայլող մի աստղ:
Մարգարիտ Բարանկիցե, դուք այն մարդն եք, ում հոգին ապրում է արդեն չգիտեմ քանի հազարերորդ կյանքը և իր նախորդ դժվարին կյանքերի ընթացքում զտվել է, մաքրագործվել և հասել իր գերագույն կատարելությանը, հասել անվերադարձ մի կետի, երբ ոսկեգույն գրչով մխրճվել է Սուրբ և կատարյալ հոգիների գրքի մեջ: Հասել է մի սահմանագծի, որը չկա մեր՝ սովորական մահկանացուների հորիզոնում, երբ հոգին ինքն է որոշում, թե ինչ անելիք ունի մեր անմեղ ու մեղավոր երկրի վրա,երբ հոգին ինքն է վերածնվում իր ընտրած մարմնի մեջ և կատարում Աստծո պատգամած առաքելությունը:
Արև… Վերջապես տեսա արև այս ցուրտ ու մռայլ ձմեռվա մոխրագույն վարագույրների ետևեց: Այդ արևը դուք եք՝ ձեր միամիտ ու անկեղծ ժպիտով ու աղբյուրի պես պարզ և օվկիանոսի պես անհատակ աչքերով: Աչքերով, որոնք տեսել են և՛ վիշտ, և՛ ցավ, և բազում ուրիշ անհույս աչքեր ու չնայած դրան, շարունակում են ժպտալ այն ծաղկի ու մանուկի պես:
Տիկին Բարանկիցե, ես լսել եմ, որ աչքերը հոգու հայելին են: Մի քիչ կփոխեմ այդ արտահայտությունը. «Աչքերը՝ հոգու պատուհաններն են»: Երկու մեծ պատուհաններ, որոնք անջատում են արտաքին իրականությունը մարդու հոգևոր աշխարհից: Ես իմ այդ պատուհաններից երբևէ չեմ տեսել ոչ՛ վիշտ, ոչ՛ ցավ. եղանակը միշտ արևոտ է, երկինքը՝ ջինջ ու կապույտ: Կյանքը մեծահոգի գտնվեց իմ հանդեպ: Այդ պատճառով ես ավելի ու ավելի խորն եմ գիտակցում, որ կարող էի ծնվել այլ ազգության, կրոնի, մաշկի գույնի և այդ ջինջ երկինքը կարող է ջինջ չլիներ, իսկ ճակատագիրը՝ ձյուն փռեր մարմնիս վրա: Ես կարող էի լինել այդ երջանիկ երեխաներից մեկը, որոնց դուք օծեցիք հույսով: Ես` իմ բերանով ու գրչով, բոլորի անունից տալիս եմ ձեզ մի մեծ պատառ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ», որն անծայրածիր է ինչպես տիեզերքը և անկեղծ՝ ինչպես մանկան առաջին խոսքը:
Տիկին Բարանկիցե, ես այդպես էլ չներկայացա: Չնայած դա այդքան էլ կարևոր չէ: Սերը չի ճանաչում, տարիք, սեռ, ազգություն: Սերը չունի սահմաններ… Դուք այն մարդն եք, ով կարողացավ հույս ներշնչել, որ դա այդպես է: