Գայանե Հարությունով. Նամակ «Ավրորայի» հերոսին

Ողջու՛յն,մեր սիրելի Մարգարետ։                                                         

Ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում ասելու «մեր», որովհետև մեկ տարի առաջ փոքրիկ Հայաստանը ցնցեծ մի մեծ կնոջ պատմություն, և հիմա յուրաքանչյուր հայի սրտում Մարգարիտ  Բարանկիցե անունը լսելիս վառվում է փոքրիկ մի կրակ, միտքը ` գիտակցում ձեր գործի արժեքը։ Իմ լեռնեցի ժողովրդի նույնիսկ ամենաչոր սրտերը անկոտրուն չմնացին ձեր առջև։ Մեկ տարի առաջ, մեր փոքրիկ, լեռների մեջ սեղմված, քարտեզի վրա հազիվ նշմարվող երկիրը ապացուցեց մեծ աշխարհին ,որ բարին  անելու համար պարտադիր  չէ լինել հզոր և ուժեղ, որ ուժը բարու մեջ է, և դուք դրա վառ ապացույցն եք։ Երբ դուք մեկնում էիք Հայաստանից ես ձեզ հաշվառում էի օդանվակայանում, և դա ինձ համար հպարտանալու առիթ է։ 10 աշխատանքային տարիներիս ընթացքում ես սպասարկել եմ շատ մարդկանց` քաղաքական գործիչների, կոմպոզիտորների, ֆուտբոլիստների, դիվանագետների ու կոշտացած ձեռքերով աշխատավորների։ Նրանք բոլորը ինձ համար հավասար մարդիկ էին, բայց երբ ես կանգնեցի ձեր կողքին խնդրելով լուսանկարվել  ձեզ հետ` զգացի ձեր մեծությունը, ապա հասկացա, որ ապրելուց բացի մարդ էլի անելիք ունի այս կյանքում։ Դուք փոխել եք իմ աշխարհայացքը։ Ես մեծացել եմ պատերազմող երկրում, դաստիարակվել հայրինասիրական ոգով, երբեմն հայրենասիրությունս անցել է սահմանները ու վերածվել ազգայնամոլության։ Պատերազմը ինձ դարձրել է ազգայնամոլ, ես հաճախ եղել եմ թշնամատյաց, ավելի շատ եղել եմ քան չեմ եղել։ Չգիտեմ, երբևէ  կարո՞ղ եմ այնքան ուժեղ գտնվեմ, որ սիրեմ իմ թշնամուն, նրանց երեխաներին, չէ ո՞ր դա քրիստոնեության Այբն է…                

Ես կպատմեմ ձեզ մեր թշնամիների մասին, թեև թշնամի  մարդասպանները ամենուրեք նույնն են, և դուք նրանց լավ գիտեք։ Այդ պատճառով ես չեմ խոսի ճակատներին և թևերին սև լաթեր կապած գազազած ամբոխի մասին,որը պահանջում էր  լքել իրենց երկիրրը, մերկացնում կանանց և ողջակիզում տղամարդկանց և ընդմիշտ մնաց հեռացող գնացքի պատուհանից այդ սարսափին նայող չորսամյա երեխայի աչքերում, այլ նրանց մասին ովքեր օգնեցին հայրենակիցներիս փախչել այդ սարսափից։ Նրանց մասին, ովքեր թաքցնում էին հայերին իրենց տներում իսկ հետո Հայաստան ուղարկում իրենց փաստաթղթերը … Իսկ հետո գնացքը եկավ այստեղ,հայրենիք և կայարանում մեզ սպասում էին մեր հայրենակիցները, ես կարդալ չգիտեի, տատիկս ասաց ,որ պաստառների վրա գրված է «հայեր, մենք սպասում ենք ձեզ և ընդունում»։ Իրականում, պատերազմի, երկրաշարժի և բլոկադայի պատճառով սառած ու սոված հայրենիքը չգիտեր ինչ աներ հազարավոր փախստականների հետ։ Այսուհետ մենք թշնամի էինք  այն երկրում որտեղից եկանք, և փախստական սեփական հայրենիքում։ Պատերազմը շարունակվում էր…Ես մեծանում էի փոքրիկ, սահմանամերձ գյուղում` ականների պայթյունների ձայնի տակ։ Այնտեղ որտեղ պայթում էին ականները` գարնանը ծաղկում էին ձնծաղիկնեը և գյուղացի փոքրիկ անվախները բարձրանում էիմ սար ձնծաղիկ հավաքելու։ Իսկ սարի մյուս կողմում թշնամու երեխաներն էին խաղում։ Կյանքն այսպիսին է, այնտեղ որտեղ մահ կա, կա ծնունդ։ Պատերազմ էր, իսկ մարդիկ ամուսնանում էին, երեխա ունենում, մեծացնում երեխաներին հոսանքազրկված, սառը տներում։ Այժմ այդ երեխաները իմ ժողովրդի ամենաչքնաղ աղջիկներն են ու ամենաքաջ տղաները, տաղանդավոր ու խելացի, որոնց նայելիս երբեմն աչքերս լցվում են հպարտության արցունքներով։ Նրանց ծնողները հերոսներ են, որ չվախեցան այդ դժվար տարիներին նոր կյանք ստեղծել և հիմա վայելում են իրենց քաջ արարքի արդյունքը։ Այն ինչ անում եք դուք պարզապես  հերոսություն  չէ…

Բարեգործության մասին  խոսելը հեշտ է, բայց մեզանից քչերը համարձակութուն կունենան երբեմն փոխելու իրենց կյանքը` թափառական շան համար բույն սարքել, նոր կոշիկի համար նախատեսված գումարը նվիրաբանել քաղցկեղով հիվանդ երեխայի, սկսել սիրել թշնամու երեխային…Վերջինը իմ  մասին  էր…Այսուհետ, երբ ունենում եմ ազգայնամոլական մտքեր նայում եմ իմ և ձեր միասին արված լուսանկարին,սիրելի Մարգարե՛տ, դուք այն մարդն եք, ով քնքշությամբ ու բարությամբ լցրեց հազարավոր ինձ նման հայերի սրտերը։

Читайте на сайте