Սևակ Միրաբյան. Նամակ «Ավրորայի» հերոսին
Խոստանում եմ…
Ողջու՜յն Թոմ: Գտիր մի քանի րոպե ինձ համար: Գիտեմ՝ անհնարինն եմ խնդրում, բայց լսիր ինձ: Հուսով եմ՝ իմ կարճ խոստովանությունը մի պահ կթեթևացնի քո այնքա՜ն ծանր բեռը…
Ես Սևակն եմ Հայաստանից: Սովորում եմ բժշկական համալսարանում. վիրաբույժ եմ դառնալու:
2015-ի ապրիլի 24-ին երևանյան լեփ-լեցուն դահլիճում երկար որոնեցի քեզ՝ չգտա: Բայց գիտեմ՝ այստեղ ես: Վերջապես խոսեցիր… էկրանից: Հոգնած, բայց կայծկլտուն քո աչքերն ասես ինձ էին նայում միայն, միայն ինձ ասում. «Ների՛ր, չեմ կարող բիբլիական քո աշխարհը գալ նույնիսկ մրցանակ ստանալու… Ների՛ր, իմ կյանքը իմը չէ, իմ օրը՝ ևս…Ես այն մարդկանց եմ նվիրել… Նրանք 750000-ն են, որոնց պետք եմ, ինչպես օդն ու ջուրը: Իմ արշալույսները նման են մայրամուտի, ցերեկները՝ գիշերվա: Շաբաթվա յոթ օրերի բոլոր քսանչորս ժամերը նրանց կողքին եմ… Դավաճանել չեմ կարող…»
Ապա պատմեցիր Հարավային Սուդանի Նուբա լեռների տարածաշրջանի, նրա անպաշտպան ժողովրդի, անհավասար ծավալվող մարտերի մասին: Ամոթի ալիքը ողողեց ինձ առաջին անգամ եմ լսում Նուբա անունը… Դու թախծախառը ժպտացիր . «Շատերը չգիտեն «կուսական տարածք» այս շրջանի մասին: Այստեղ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Այստեղ փոքրիկ Սիրիա է»,- ափսոսանքով լի քո խոսքերը որպես բողոքի ճիչ ու ռումբի որոտ այսօր էլ դղրդում են իմ ունկերում: Ապա աղաչական քո հայացքն ուղեցիր բոլորին, միջազգային հանրությունը:
- Օգնե՛ք Նուբային, մի՛ թողեք, որ անմեղ մարդիկ զոհվեն, ո՛չ ասեք ցեղասպանությունը:
Կողքից շտապեցնում են քեզ՝ երկու բեռնատարով վիրավորներ են բերել…
- Ամենածանրերին վրիահատարան տարե՛ք,- ասացիր ու վեր կացար: Վերջին բառդ հրդեհեց դահլիճը (թող այն շա՛նթ դառնա, հրկիզի մեր մոլորակի երկնակամարը, մարդկային հոգիները…):
- Կյանք է,- ասացիր: Նորից հուրհրացին աչքերդ, ժպտացիր ինձ: Լսի՛ր, Թոմ, որտե՞ղ եմ տեսել քո թախծածոր, հուսավառ ժպիտը, որտե՞ղ, որտե՞ղ…
Գտա: Այն դարը բոլորած, 15-ի ապրիլը ապրած իմ մեծ տատի աչքերում էր նաև…
Պատմում էր հազարերորդ անգամ. «Գարուն էր ու արշալույս: Ես վեց տարեկան էի, եղբայրս՝ Միհրանը՝ չորս: Ուժասպառ քեռիս մի կերպ ինձ ափ հանեց: Միհրանը մնաց Արաքսի ալիքների վրա: Չէ՛, գետը եղբորս կուլ չտվեց: Միհրանը անու՜շ-անուշ ննջում էր նրա օրորից… Էլ չտեսա նրան. Արաքսը ափ է հանել, գթառատ մայրիկի տվել մեր Միհրանին…
Ու ժպտում էր տատս, ժպտում անմեկնելի ժպիտով, ժպտում էր ու… սպասում, սպասում…
Արարատի փեշերից հանդարտ ու հուշիկ երեկո է իջնում, շրջում Երևանի փողոցներում, որտեղ ճեմում են իմ հայրենակիցները, նաև անթիվ հյուրեր հողագնդի բոլոր ծագերից:
Մարդաշատ մայրաքաղաքից ինձ հետ քեզ եմ մեր տուն տանում: Դու իմ լավ ընկերն ես, իմ հերոսը…
Չէ՛, մի սովորական հատուկ գոյական չէ քո անունը. այն խիղճ է, սեր է ու նվիրում…
Չէ՛, տարիների խմբաքանակ չէ քո կյանքը. սխրանք է, խիզախում, արարում…
Դու ճիչն ես շղթայված արևածագի: Եվ ես ուզում եմ, որ այն լսեն բոլո՜րը-բոլորը, մեծերն ու փոքրերը…
ՀԳ. Թող ների ինձ մեծն Հիպոկրատը: Ես քեզ եմ երդվում, բժի՛շկ Քաթինա. կգամ կողքիդ լինելու, արճիճից ծանր բեռդ թեթևացնելու: Համոզված եմ, մի օր կգնանք քո և մեծ տատիս արշալույսը դիտելու…
Խոստանում եմ…