Սերժ Սարգսյանը նշել է այն երեք սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Հայաստանը՝ սպառազինություն ձեռքբերելիս

Ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի  սպառազինման խնդրին: Նախագահը նշել է, որ Հայաստանն այստեղ մանրակրկիտ հաշվարկված քաղաքականություն պետք է վարի և առաջնորդվի երեք կարևոր սկզբունքներով:

 

«Իմ կարծիքով՝ երեք ճանապարհ կա: Ճանապարհներից մեկը հետևյալն է. չկրկնել նրանց (Ադրբեջանին): Այսինքն, եթե նրանք 30 միլիոն դոլար են տալիս և գնում են ինքնաթիռ, ապա մենք պետք է ավելի քիչ գումարով ձեռք բերենք հակաօդային պաշտպանության միջոց: Ես չեմ ասում, որ մենք ինքնաթիռ չպետք է ունենանք:  Մենք պետք է ունենանք նվազագույն անհրաժեշտը: Եթե նրանք 2.5  կամ 3  միլիոն դոլար են տալիս և գնում են  T-90 կամ T-92, մենք պետք է առաջին հերթին հակատանկային միջոցներ գնենք, ինչը շատ ավելի էժան է: Եվ քանի որ մենք հարձակողական գործողությունների նպատակ չունենք, այս պարագայում հակատանկային միջոցները ավելի քան բավարար են»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ կրկնելով, որ իր   ասածը չի նշանակում, թե  մենք տանկ չպետք է ունենանք, այլ նշանակում է, որ  չպետք է կարևորենք միայն քանակը:

 

Հանրապետության նախագահի  նշած երկրորդ քայլը ազնիվ գնումներն են: Սերժ Սարգսյանը շեշտել է. «Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլոր այդ գնումները լինեն ազնիվ և նույն ապրանքատեսակը, նաև մեր ճկուն բանակցության շնորհիվ,   գնենք  շատ ավելի էժան գնով»:

 

Նախագահը ներկայացրել է նաև երրորդ սկզբունքը, նշելով, որ  մեր ունեցած զինատեսակներին պետք է տիրապետենք շատ ավելի լավ, քան ադրբեջանցիները: Ունենանք շատ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ, քան նրանցն է:  

 

«Այլ ճանապարհ չկա: Այս 3 սկզբունքներով առաջնորդվելով՝ ամբողջովին ի վիճակի ենք վիճակը պահել հավասարակշիռ»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Читайте на сайте