Բարձրավոլտ  էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է  ատոմակայանի դիֆերենցիալ պաշտպանությունը. իրավիճակը պարբերաբար զեկուցվել է վարչապետին  

Այսօր բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով աշխատել է ատոմակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում 110 կՎ երկրորդ հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ  ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը:

 

Ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ  անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է:

 

Իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

 

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի 3-րդ էներգաբլոկը:  Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից: 

 

 «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20-ին Բջնի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է:

 

Իրավիճակի զարգացումների մասին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 30 րոպե պարբերականությամբ զեկուցել է վարչապետին:

 

Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանի փոխանցմամբ, նման խաթարումները պայմանավորված են երկարատև սառնամանիքների հետևանքով առաջացած սառույցի կուտակումներով: Ըստ նրա, վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով:

 

Այս պահի դրությամբ ԱԷԿ-ն աշխատում է լրիվ բեռնավորվածությամբ: Համակարգի էներգամատակարարումն իրականացվում է ամբողջ ծավալով:

Читайте на сайте