14 տարի պատգամավոր եմ եղել, կարծում եմ՝ հերիք է արդեն. Գրիգորի Մարգարյանը որոշել է տեղը զիջել երիտասարդներին
ԱԺ պատգամավոր, «Բելաջոյի Գրիշ» մականունով հայտնի Գրիգորի Մարգարյանն իր 14 տարվա պատգամավորական գործունեությունը բավարար է համարում, ու կարծում է, որ ժամանակն է արդեն տեղը զիջել երիտասարդներին:
Պատասխանելով Tert.am –ի հարցին, թե ինչպես պատահեց, որ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ու «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, հայոց խորհրդարանի հնաբնակ Գրիգորի Մարգարյանը ոչ մի ցուցակում ընդգրկված չէ, վերջինս ասաց.
«3 անգամ է՝ 2003 թվականից սկսած, ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով, հիմա բոլորին հայտնի է, որ օրենքը փոխվել է և այդ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ չեն լինելու, և, ճիշտն ասած, որոշեցի, որ 14 տարի պատգամավոր եմ եղել, հերիք ա: Արդեն կարող է պետքական լինեմ այլ ոլորտում»:
Հարցին, թե, ամեն դեպքում, նշված կուսակցություններից ռեյտինգային ընտրակարգով կամ համամասնական ցուցակ ընդգրկվելու առաջարկներ եղե՞լ են, Գրիգորի Մարգարյանը պատասխանեց. «Առաջարկներ, այո, եղել են, ու ոչ միայն երեք տարբեր կուսակցություններից, բայց ես նորից եմ կրկնում՝ ինձ հոգեհարազատ է եղել մեծամասնական ընտրակարգով ընտրվելը:
Գրիգորի Մարգարյանը նաև նշեց, որ չի կարծում, որ ռեյտինգայինը նույն մեծամասնական ընտրակարգն է:
Նշենք, որ այն ընտրատեղամասում, որտեղից մշտապես ընտրվել է Գրիգորի Մարգարյանը, առաջադրվել են նաև Սամվել Ալեքսանյանը և Կորյուն Նահապետյանը: Գրիգորի Մարգարյանն այս առնչությամբ ասաց, որ բնական է, որ որպես այդ ընտրատարածքում ազդեցություն ունեցող մարդկանց՝ պաշտպանելու է հենց Կորյուն Նահապետյանին ու Սամվել Ալեքսանյանին, որոնց հետ ունի ազգակցական-խնամիական ու քավոր –սանիկական կապեր:
Նշենք, որ մի քանի կայքեր և նաև օրաթերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվում է գործարարությամբ:
Գրիգորի Մարգարյանն ի պատասխան՝ նկատեց, որ դա «ինչ-որ լրագրողի հիվանդ երևակայությունն է»:
«Իհարկե, այդ հիվանդ երևակայությունը մնացած այլ դեղին լրատվական միջոցներով է, որոնց անունը վաղուցվանից դրել եմ՝ bambasanq.am, վերցրել ու տարածել են ու սենց պատմություններ են հորինել»,- ասաց Գրիգորի Մարգարյանը:
Նա պաշտոնապես հայտարարեց, որ նման բան չկա, չի եղել ու չի լինելու, և որ ինքը Հայաստանի Հանրապետությունից դուրս բիզնես անելու ծրագրեր չունի և չի ուզում ունենալ:
Հակառակը՝ ինվեստիցիոն որևէ ծրագիր ունենալու դեպքում այն կիրականացնի միայն ու միայն Հայաստանում:
«Որովհետև սա մեր հայրենիքն է և սրանից լավ տեղ աշխարհում չկա կոնկրետ ինձ համա»,- ավելացրեց պատգամավորը: