Էրդողանի վառ երկրպագուն փորձել է համոզել քաղաքացիներին, որ մահացած Աթաթուրքն էլ է կողմ կառավարման նախագահական համակարգին
Թուրքիայի Մերսին քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վառ երկրպագու ներկայացող բանաստեղծ Օքթայ Ավջուի վառ երևակայությունը ցնցել է ամբողջ երկիրը:
Բանաստեղծը փորձել է համոզել քաղաքի բնակիչներին, որ վաղուց մահացած Աթաթուրքը նույնպես աջակցում է երկրում կառավարման նախագահական համակարգի անցմանը:
Ինչպես գրում է թուրքական DİHABER գործակալությունը` Օքթայը քաղաքի փողոցներում փակցրել է իր իսկ ձեռքով պատրաստած պաստառներ, որտեղ պատկերել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Աթաթուրքին` պաստառի վրա ավելացնելով Էրդողանի ու Աթաթուրքի «երկխոսությունը»:
«Ապրես բալիկ: Դու սիրում ես քո երկիրը: Հանուն ավելի արագ զարգացող Թուրքիայի ես էլ եմ ասում «Այո» սահմանադրական փոփոխություններին», - գրված է «Աթաթուրքն էլ է ասում «Այո» վերնագրով զվարճալի պաստառի վրա:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։