Ես սիրում եմ իմ աշխատանքը. ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը չի ցանկացել լինել ՀՀԿ-ի ցուցակում
ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, վաստակավոր մանկավարժ Սահակ Մինասյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն չի հայտնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահակ Մինասյանը:
«ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվում են այն անձինք, ովքեր հավակնում են դառնալ Ազգային ժողովի պատգամավոր: Նախ` սեփական ցանկությամբ, հետո կուսակցության որոշմամբ չեմ ընդգրկվել ցուցակում: Ինձ մոտ ցանկություն չի եղել, բնականաբար կուսակցության որոշում լինել չէր կարող»,-ասաց Մինասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի ցանկացել առաջադրվել՝ լինելով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը, Մինասյանն ասաց, որ սիրում է իր աշխատանքը.«Ես սիրում եմ իմ աշխատանքը կրթության ոլորտում»:
Հարցին, թե ինչ-որ փոփոխությունների ենթարկվե՞լ է շտաբի աշխատանքը ԸՕ-ի փոփոխություններից հետո, Սահակ Մինասյանն ասաց, որ շտաբի աշխատանքը քաղաքական է իր յուրօրինակությամբ, մոտեցումներով ու բնույթով: