Բուրյաթիայում կինը կացնով սպանել է ամուսնուն՝ առանց մսի ապուր պատրաստելու պատճառով իրեն ծեծելու համար
Բուրյաթիայի Զաիգրաևո բնակավայրի բնակչուհին կասկածվում է իր 25 տարեկան ամուսնուն սպանելու համար: Հայտնի է, որ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջն առանց մսի ապուր պատրաստելու համար և սպառնացել սպանել նրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին:
Աղբյուրի հաղորդմամբ` հանցագործությունն իրականացնելու համար կասկածվող 23-ամյա այրին սպանություն գործելուց հետո զանգահարել է ոստիկանություն: Հարցաքննության ժամանակ կինը մանրամասն վկայություններ է տվել հանցագործության հանգամանքների վերաբերյալ, որոնք ներկա պահին ստուգվում են:
«2017 թվականի մարտի 20-ին Զաիգրաևո բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու դի` բռնի մահվան նշաններով: ՌԴ Քննչական կոմիտեի Բուրյաթիայի Հանրապետության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել տվյալ փաստով», - ասվում է հաղորդագրությունում:
Քննության տվյալների համաձայն` մարտի 19-ին տղամարդը հարբած վիճակում տուն է վերադարձել և ընթրիք պահանջել, ինչից հետո սկսել կնոջը հայհոյել այն բանի հաար, որ իրեն մատուցված ապուրն առանց միս է եղել: Այնուհետև տղամարդը սկսել է ծեծի ենթարկել կնոջը, ինչից հետո խոստացել սպանել նրան քնած ժամանակ: Վախենալով սպառնալիքների իրականացումից` գիշերը կինը դուրս է եկել բակ, վերցրել կացինը, վերադարձել անկողնու մոտ և մի քանի հարված հասցրել ամուսնու գլխին: