Այն, որ WCFDavos-ն անցկացվում է Երևանում, խոսում է այն մասին, որ ունենք համաշխարհային հանրույթում ընդգրկվելու իրավունք. Նվարդ Մելքոնյան (տեսանյութ)
Կուզեի շեշտել նման միջոցառման կարևորությունը Հայաստանի համար, որովհետև սա հարթակ է հենց միջազգային փորձին ներառվելու, ընդգրկվելու համար. Tert.am-ի հետ զրույցում Երևանում անցկացվող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական PR-ի մասնագետ, ԵՊՀ դասախոս Նվարդ Մելքոնյանը:
«Սա հենց փորձի փոխանակման հնարավորություն է: Մեր փորձն ունի իր առանձնահատկությունները: Մեր հաղորդակցությունների զարգացման ուղին ուրույն է, սակայն հետաքրքիր է հենց այն պայմաններում, որում ձևավորվել է, որում զարգացումն ապրում է: Այնպես որ, կարծում եմ, որ մենք էլ ունենք շատ հետաքրքիր տեղեկատվություն իրենց հաղորդելու և ինչո՞ւ չէ նաև նրանցից վերցնելու և տեղայնացնելու»,- ասաց նա:
Նվարդ Մելքոնյանի խոսքով՝ ֆորումը նաև հնարավորություն է տալիս խոսել այն ամենի մասին,ինչը մեզ մոտ բաց է: Նա հետաքրքրական համարեց, որ Երևանում ևս նախատեսվում է քննարկել համաշխարհային մասնագետներին հուզող հարցը՝ ինչպես չափել կամ գնահատել սոցիալական մեդիաների արդյունավետությունը:
Թե որքանով ֆորումը ազդեցություն կունենա նաև Հայաստան բրենդի ներկայացման վրա, Նվարդ Մելքոնյանը պատասխանեց.«Երկրի բրենդինգն այնքան կարևոր տիրույթ է հիմա, և պատահական չէ, որ այս ֆորումի մեկ ամբողջ սեկցիան նվիրված է այդ թեմային: Հայաստանի համար այդ թեման ավելի է կարևոր, որովհետև բրենդինգից է կախված նաև պետության վարկը, հեղինակությունն ամբողջ աշխարհում, թե որքանով են քեզ լուրջ ընկալում որպես գործընկեր համաշխարհային հանրույթում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ արդեն այն հանգամանքը, որ ֆորումը Երևանում անցկացվում է, խոսում է այն մասին, որ մենք ունենք այդ մասնագիտությունը ներկայացնելու փորձ, համաշխարհային հանրույթում ընդգրկվելու իրավունք:
«Սա չէ՞ որ եզակի չէ, սրան նախորդել են այլ հանդիպումներ, միջոցառումներ, և այս մասնագետների մի մասը առաջին անգամ չէ, որ Հայաստանում է: Եկել են, քննարկել են: Ինչպե՞ս պետք է Հայաստանը ներկայանա... Կարծում եմ, որ չեմ լինի միակը, որ կհաղորդեմ, որ Հայաստանը պետք է ներկայանա իր մարդկային, ինտելեկտուալ ներուժով»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։