Ժամանակն է, որ Էրդողանը հասկանա, որ ցանկալի մարդ չէ Գերմանիայում. Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության փոխնախագահ

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր և փոխնախագահ Ֆոլկեր Բուֆիենը հայտարարել է, որ արդեն ժամանակ է, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանա, որ Գերմանիայում ինքն ու իր վարած քաղաքականությունը դրական չեն ընկալվում և որ գերմանացիները չեն ցանկանում տեսնել նրան իրենց երկրում, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

«Այս տեսակ վիրավորանքներ օգտագործող անձը չի կարող սպասել, որ կգա Գերմանիա և նրան կտրամադրեն ոստիկանական պահակախմբեր իր անվտանգությունն ապահովելու համար», - ասել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ:

Читайте на сайте