Բանակում նոր ծրագրերը կյանքի չեն կոչվի առանց կոռուպցիոն, կրիմինալ խնդիրների լուծման.իրավապաշտպան (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը  ուղղակի օդում  կախված գաղափարներ են, մի բան է, երբ ասում ես, մեկ այլ բան է, երբ դա կյանքի է կոչվում: Tert.am -ի հետ զրույցում ասաց  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նրա դիտարկմամբ՝  նախ բանակում կոռուպցիայի, կրիմինալի կրթական  բացթողումների հետ  կապված հարցերը պիտի լուծել, հետո  նոր  գաղափարներ  առաջարկել:

«Պետք է բանակում հավասարության հարցը լուծել, պետք է բոլորը ծառայեն բանակում, մենք գիտենք ովքեր են ծառայում  բանակում, ինչո՞ւ է սոցիալական այս խավը հայտնվել սահմանին, պաշտոնյանների զավակներն  արտոնյալ կարգավիճակում են, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների զավակները պատրաստ են կանգնել սահմանի համար, մնացածները  կրկին  դուրս են մնալու, նրանք  վճարի կարիք չունեն»,-շեշտեց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ այնուամենայնիվ դրական կարելի համարել այն, որ 3 տարվա ծառայության դիմաց, եթե, իհարկե, ծրագիրը կյանքի կոչվի, սոցիալապես անապահով  ընտանիքների զավակները, որոնք հիմնականում առաջնագծում են, 5 մլն  դրամ կստանան:

Ժաննա Ալեքսանյանը կարևորում է այն, որ ծրագրերը դրվեն հանրային լայն քննարկման:

Իրավապաշտպանը շեշտեց, որ իր կարծիքով բանակում  կրթական և սպայական անձնակազմի հետ հարցերը կարելի է լուծել առանց այս ծրագրերի ևս՝ աշխատելով գործող  ռազմական վարժարաններում, ինստիտուտներում բարքերը վերացնելու ուղղությամբ: Իրավապաշտպանի խոսքով՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնել բանակում խաղաղ պայմաններում միջանձնային հարաբերությունների պատճառով զոհերի թվին:

«Անցած տարի  պատերազմին զուգընթաց  50-ից  ավելի զոհ  ենք ունեցել միջանձնային   հարաբերությունների  պատճառով, ես չեմ տեսել, որ նորանշանակ նախարարը այս հարցերին անդրադառնա»,-ընդգծեց  նա:

Իրավապաշտպանը նաև  շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, դեմ է ազգ-բանակ հայեցակարգի տեսլականին, որը ներկայացվում է իշխանությունների կողմից:

«Երկիրը  պիտի դառնա ռազմական երկիր, ինձ համար կարևորը  ՀՀ քաղաքացին է, որը պետք է ապրի մի երկրում, որի  իրավունքները  պաշտպանված են,ի՞նչն է խանգարում, որպեսզի այդ ծրագրերը՝ առանց  այդ կոնցեպտի  տեսության կատարեն»,-շեշտեց նա:

Մանրամասները՝տեսանյութում։

 

Читайте на сайте