«Երևան ջան, ելք կա՛». «Ելք» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց երթով (լուսանկարներ, թարմացված)

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը «Ելք» դաշինքը տվեց մայրաքաղաքի փողոցներում քայլերթ իրականացնելով։

Երթը մեկնարկեց «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի մոտից և շարունակվեց մայրաքաղաքի  կենտրոնական փողոցներով։

«Երևա՛ն ջան, ելք կա»  կարգախոսը վանկարկելով՝ երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում մայիսի 14-ին իրենց ձայնը տալ «Ելք» դաշինքին։

Երթը գլխավորում են դաշինքի առաջնորդները՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը։

Նրանք երթի ժամանակ փորձեցին երգել Երևանի օրհներգը՝ «Էրեբունի Երևանը», և այժմ երթով շարժվում են Հյուսիսային պողոտա, որտեղ պետք է տեղի ունենա «Նեմրա» ռոք խմբի համերգը, ինչից հետո կմեկնարկի հանրահավաքը։

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը,  պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն և կնպաստի իրենց  արդյունավետ աշխատանքին:

«Խնդիրն այն է, որ ես ասում եմ, որ նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրմամբ`յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ և կատարել իր ընտրությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե իրենց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ապրիլի 2-ին ձևավորված ընդդիմությունը լեգիտիմ է, վերջինս առաջարկեց վերստին դիտել իր մի քանի ամսվա հարցազրույցը, որում առաջ է քաշել «նեգատիվ լեգիտիմության» տերմինը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` այդ նեգատիվ լեգիտիմությունը նոր չէ, տևական ժամանակ է` առկա է:


Անդրադառնալով քաղաքի խնդիրներին` Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Երևանի ավտոբուսային պարկում կա 230 ավտոբուս` սարքին վիճակում, բայց նրանց 90 տոկոսը դուրս չեն գալիս երթուղի:

Պատասխանելով  այս առնչությամբ պաշտոնական հայտարարությանը, որ վարորդներ չկան, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թող իրենց ծառայողական մեքենաները կրճատեն, ասեն՝ գնացեք ավտոբուսներում, երևանցիների տարեք գործի, ոչ թե Երևան քաղաքի տրանսպորտի պետին տարեք  աշխատանքի»:

 

 

Читайте на сайте