ԳԱԱ. Անթույլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը
ԳԱԱ որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության եւ բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ։
«Անթույլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով։ Անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձեւերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաեւ ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական եւ գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր»,- ասված է որոշման մեջ։
ՀՀ ԳԱԱ-ն գտնում է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության եւ կրթության ինտեգրման առավել արդյունավետ եւ քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.
1. ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը եւ գիտական կազմակերպությունները եւ/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),
2. ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձեւավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի տեսքով),
3. ակադեմիական քաղաքի կլաստերների ձեւավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ,
4. հանրապետության գիտական, տեխնոլոգիական եւ/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձեւավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։