Խիստ դժգոհ եմ կառավարության թիմային աշխատանքից, 18 նախարարությունը մեծ շռայլություն է մեր երկրի համար. Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով վարչապետի թեկնածուի ընտրությանը` ասաց, որ պետք է շեշտադրումը կատարել նրա վրա, որ մենք ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար:
«Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել այդ պաշտոնում, պարտավոր են նախ հիմնավորել, թե որքանով է համապատասխանում հենց գերագույն հրամանատարի պաշտոնին և ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը զիջի այդ պաշտոնը, քանի որ ճկունությունը, փորձառությունը, լայնախոհությունն ինքը ապացուցել է փորձով: Եթե որևէ մեկը ունի այլընտրանք, պետք է հիմնավորի: Այս հարցում ինձ համար Սերժ Սարգսյանն առավել ընդունելի թեկնածու է եղած քաղաքական ներկապնակից»,-ասաց նա:
Թաթուլ Մանասերյանն ասաց` շատ կուզենար, որ հասարակությունն իր քաղաքական ուժերով ներկայացնի այլընտրանքներ: «Ես ենթադրում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր լռում են, ընդունում են այս փաստի գոյությունը և գիտակցում են, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից և մոտեցումներից, ազգային անվտանգության, երկրի պաշտպանունակության հարցում պետք է միասնական լինենք»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ այլ թեկնածու չի շրջանառվում, ինչը քաղաքական ուժերի խնդիրն է, և դա չի վկայում հասարակության հիվանդ լինելու մասին: «Ես կարծում եմ, որ բավական առողջ հասարակություն ունենք, թեև որոշ դեպքերում պասիվության երևույթներ նկատելի են»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության աշխատանքին` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ խիստ դժգոհ է կառավարության թիմային աշխատանքից, գտնում է, որ 18 նախարարությունը մեծ շռայլություն է մեր երկրի համար: «Եթե դրանց կեսը փակվի, ժողովուրդը չի զգա դրանց բացակայությունը»,-ասաց նա:
Տնտեսագետն ասաց, որ ուսումնասիրել են` նախարարությունների ուղիղ կեսը կարող են միավորվել, քանի որ կան գործառույթների կրկնողություններ, բյուջեի միջոցների ավելի արդյունավետ ծախսի խնդիր, կադրային խնդիր:
Անդրադառնալով նորընտիր չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը` Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ռեալ ակնկալիքներ կան: «Այն որոշակի խզումը, որ կա հասարակության և իշխանության միջև, կարծում եմ, որ այստեղ կարող ենք սպասել, որ այդ անջրպետն էլ հաղթահարվի, դժվար գործ է սպասվում Արմեն Սարգսյանին, որն արտաքին աշխարհում` միջազգային հարթակներում, ներկայացնելու է Հայաստանը և հայ ժողովրդին»,-ասաց նա։