Ա. Աշոտյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն տալով սահմանադրական պարտականություններին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը մինչ հարց կուղղեր, նշեց, որ հարցը կցանկանար սկսել վարչապետին դիմելով, եթե նա սահմանադրական պարտավորությունների շրջանակներում լիներ ԱԺ դահլիճում:
«Բայց հասկանալով հանդիպման կարևորությունը, ուզում եմ դիմել, նախ և առաջ կառավարության և վարչապետի աշխատակազմին. հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով Սահմանադրական պարտականությունների կատարմանը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ Ազգային ժողովի նիստին, քանի որ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը, ով որպես նախագահող, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, ԱԺ հարցուպատասխանի ժամին որպես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչապետը պարտավոր է ներկա գտնվել ԱԺ հետ հարցուպատասխանին:
Նա նշել էր, որ, եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։