World News

Smartavia ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Վրաստան

Smartavia ավիաընկերությունը (նախկին Nordavia) դադարեցնում է տոմսերի վաճառքը դեպի Վրաստան և հուլիսի 8-ից սկսած վերոնշյալ ուղղությամբ թռիչքներ չի իրականացնի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Անոշկինը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելում էր հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:

Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Читайте на сайте