Գործարարությունը քո համոզմունքներն այլ մարդկանց հասցնելու շնորհն է՝ նրանց քո հետևից տանելով. Դավիդ Յան
Findo, iiko, Plazius և այլ ՏՏ ոլորտի ընկերությունների հիմնադիր և նախագահ, տարբեր նորարարական ծրագրերի և ստարտափների խորհրդատու Դավիդ Յանն ունի հաջողության հասնելու իր բանաձևը: Նա «Մարտահրավերներ՝ հաջողության ճանապարհին» թեմայով դասախոսության ժամանակ նշեց, որ ինքը փորձում է ստեղծել խմբեր, ընկերություններ, որոնք ինչ-որ խնդիրներ են լուծում: Դավիդ Յանը հաջողության հասնելու իր տարբերակն անվանել է «3 մոգական բյուրեղապակի»:
«Առաջին՝ պետք է իմանալ խնդիրը, որը լուծում ես, օրինակ, եթե խոսում ենք հիվանդության մասին, պետք է իմանալ, որ այդ հիվանդությունն իրականում գոյություն ունի, հորինվածք չէ: Երկրորդ՝ ստեղծել այդ հիվանդության դեմ դեղամիջոց, երրորդ՝ հասցնել այդ դեղը հիվանդին: Եթե ստարտափ թիմն ունի հատուկ կարողություններ, գիտելիքներ, ապա ստարտափի հաջողությունը մեծ կլինի: Եթե գործարարը չգիտի հիվանդության ակունքը, չունի դեղամիջոց, չի կարող հասնել հաջողության: Սակայն կյանքը հակառակն էլ է ապացուցում, եթե մարդը չունի այդ 3 բյուրեղապակին, ապա զբաղվի՞ բիզնեսով, թե՝ ոչ: Երբ Lingvo-ով զբաղվեցի, այդ 3 բյուրեղապակին չկար, ես չգիտեի ծրագրավորում»,- ասաց նա:
Ֆիզիկոս,մաթեմատիկոսը գտնում է, որ գործարարությունը մարդկանց կարողությունն է շարժվել առաջ՝ շրջապատված լինելով անորոշություններով: Նրա խոսքով՝ գործարարությունը շնորհ է քո համոզմունքները հասցնելու այլ մարդկանց՝ մարդկանց քո հետևից տանելով.« Սրանք այն որակներն են, որոնք օգնում են առաջ շարժվել»,- շարունակեց Դավիդ Յանը:
Նա նկատեց, որ որևէ գործ սկսելուց առաջ չի կարելի փակվել աշխատասենյակում ու ստեղծել իդեալական ապրանք, քանի որ այդ գործելաոճը կարող է տանել տապալման:
«Եթե ցանկանում ես ստեղծել ինչ-որ նոր արտադրանք, սխալը, որը կարող ես թույլ տալ այն է, որ աշխատասենյակումդ նստած փորձես ստեղծել իդեալական ապրանք: Կարող ես ստեղծել, ստեղծել, կատարելագործել, անցնի կես տարի, մեկ տարի ու քո իդեալական ապրանքով դուրս գաս շուկա և հասկանաս, որ շուկայում այն որևէ մեկին պետք չէ: Սա սխալը, որից, անպայման, պետք է խոսափել»,- ընդգծեց Դավիդ Յանը:
Հարցին՝ անհաջողությունների ժամանակ ի՞նչն է առաջ շարժվելու ուժ տալիս, Դավիդ Յանը պատասխանեց՝ ընտանիքս ու ընկերներս:
«Վիճակը, որ քո մոտ ինչ-որ բան չի ստացվում, ավելի շատ է լինում, քան ստացված գործերը: Երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, բայց միակ բանը, որ ինձ իսկապես քաջալերում է իմ ընտանիքն ու ընկերներն են: Այն, որ ես կարող եմ տուն գալ ու տեսնել Ալյոնային ու երեխաներիս, ինձ իսկապես քաջալերում է: Ինձ քաջալերողն իմ ընտանիքն ու ընկերներն են: Ընտանիքս, ընկերներս այն տեղն են, որ ինձ ընդունում են անկախ նրանից` իմ մոտ ստացվել է գործը, թե ոչ: Սա անբացատրելի զգացում է: Կարևորն այն է, որ թողենք մեր հետքն այլ մարդկանց հիշողության մեջ, լավն անել մարդուն, սա այն է, ինչ քաջալերում է»,- եզրափակեց Դավիդ Յանը: