World News in Armenian

Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոնց ընթացքում քաղաքացիները կընտրեն 64 քաղաքապետ, ինչպես նաև 64 քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորների: Ընդհանուր առմամբ, երկրում բացվել է ավելի քան 3.300 ընտրատեղամաս:

Ինչպես մանրամասնում է ria.ru-ն, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 22 քաղաքական կուսակցություն, 5 ընտրական դաշինք և մեկ նախաձեռնող խումբ: Մինչդեռ 64 քաղաքային օրենսդիր մարմնում կընտրվի ավելի քան 2.000 պատգամավոր:

Հայտնի է, որ Վրաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը գերազանցում է 3.4 մլն-ը: Ընտրողներն ընտրատեղամասերում կստանան միանգամից 3 քվեաթերթիկ՝ քաղաքապետ, կուսակցական ցուցակով և միամանդատ շրջաններից պատգամավորներ ընտրելու համար: Քվեաթերթիկների մի մասը թարգմանված կլինի հայերեն և ադրբեջաներեն:

Նշվում է, որ ընտրությունները կայացած կհամարվեն՝ անկախ ընտրողների քանակից: Առաջին տվյալները կհրապարակվեն արդեն շաբաթ գիշերը: Քաղաքապետի ընտրության 2-րդ փուլը կարող է անցկացվել այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50%-ից ավելի ձայն:

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Թբիլիսիին, ապա քաղաքապետի պաշտոնի համար կա 13 թեկնածու: Գլխավոր հավակնորդների ցանկում են նախկին ֆուտբոլիստ, էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն, հեռուստահաղորդավար Զաալ Ուդումաշվիլին ու նախկին սկանդալային լրագրող Ալեկո Ելիսաշվիլին:

Читайте на сайте