Կարտոֆիլը վերավաճառողներն են գնում, բայց լավ կլիներ, որ պետությունը մթերեր. ֆերմեր (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի ֆերմեր Բաբկեն Սահակյանը, ով կարտոֆիլի արտադրությամբ է զբաղվում, կառավարությանը խնդրում է վերանայել թունաքիմիկատների գները:
«Շնորհակալ ենք նախագահից, վարչապետից, որ մեզ էժան պարարտանյութ և վառելիք են տվել, բայց թունաքիմիկատների հարցով կխնդրեի մի քիչ մտածեն: Թողնեն՝ ներմուծողները շատ մատակարարեն, որ գյուղացին էլ էժան գնի»,- ասաց ֆերմերը:
Բաբկեն Սահակյանի խոսքով՝ սերմերի գները նույնպես մատչելի չեն, բայց եթե ֆերմերը սերմ չի գնում պետությունից, մեկ կիլոգրամ կարտոֆիլ արտադրելու համար նվազագույնը արդեն ծախսում է 60 դրամ, իսկ հանձնում են 80-90 դրամով:
«Հիմնականում վերավաճառողներն են գնում, բայց լավ կլիներ, որ պետությունը մթերեր: Վերավաճառողն էլ մեղք չունի, քանի որ մի ապրանք, եթե շատ է շուկայում, բնականաբար էժան կլինի: Մեզանից 80-90 դրամով գնում են, շուկայում վաճառում են 100-110 դրամ: Նրանք էլ մեղք չունեն, ճանապարհածախս է, բան է»,- ասաց նա:
Ֆերմերը նաև նշեց, որ համեմատած նախորդ տարվա հետ, այս տարի կարտոֆիլի բերքը սակավ է, քանի որ երաշտ էր. «Սա Աստծո տված է, երաշտի դեմ ո՞վ կարող է պայքարել: Ոռոգումը նորմալ իրականացվել է, ջուր տվողներից չենք բողոքում, բայց բերքը լավ չի եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: