World News in Armenian

«Եթե մի տոկոս էլ կասկածեինք, թեկնածություն չէինք դնի». Սիսիանի ԲՀԿ-ական թեկնածուն թեժ մրցակցություն չի սպասում

Սիսիանում նոյեմբերի 5-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ԲՀԿ-ն առաջադրել է Կարեն Համբարձումյանին։ Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքը և իր թիմակիցները վստահ են, որ ընտրություններում հաղթելու են, թեև դա վերջնական նոյեմբերի 6–ին պարզ կլինի: «Եթե մի տոկոս էլ կասկածեինք, մեր թեկնածությունը չէինք դնի»,-ասաց նա:

Նա նշեց, որ մրցակցությունն այս պահին նորմալ է ընթանում, արտառոց բան չկա` առավել ևս, որ քարոզարշավը դեռ չի էլ սկսվել և Արթուր Սարգսյանի հետ նորմալ հարաբերություններ ունի: «Մենք մի հող ու ջրի մարդ ենք, իրար հետ մի տեղում մեծացել ենք, չի կարող մրցակցությունը թեժ կամ այլ ձև լինի, ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը թե իր աները եղել է Սիսիանի նախորդ քաղաքապետը և հարցին` որքանով է այդ գործոնը օգնում իրեն, Կարեն Համբարձումյանը պատասխանեց.

«Ես նրան նայում եմ որպես ոչ թե իմ աներ, այլ իմ քաղաքի ութը տարվա քաղաքապետ: Իր կատարած աշխատանքն, իհարկե, դրական եմ գնահատում, և ոչ միայն ես, այլ Սիսիանի ընտրողների մեծ զանգվածը, քանի որ իր` քաղաքապետ եղած ժամանակահատվածում կատարվել են ասֆալտապատման մեծ աշխատանքներ, լուսավորության հարց է լուծվել և Սիսիանը ճանաչվել է երիտասարդ քաղաք»:

Ինչ վերաբերում է ներկայիս քաղաքապետ Արթուր Սարգսյանի գործունեությանը, ապա ԲՀԿ թեկնածուն ասաց, որ խնդիրներ կան, որ լուծված չեն: «Ինչ-որ նոր բան ես կոնկրետ չեմ տեսել, որևէ նոր խաղահրապարակ չկա, որ վերանորոգվել է, գործընթացն իր հունով գնում է, էնպես չի, որ հետ է գնացել, կամ առաջ: Ներկայիս քաղաքապետի ժամանակահատվածը շատ կարճա, որ կարողանամ գնահատել: Երբ ինքն իր հասանելիք ժամանակահատվածը կարողանար աշխատեր, նոր այդ ժամանակ կարող էինք ռեալ գնահատական տալ, սակայն ես հասկանում եմ, որ մեկ տարի ժամանակահատվածում չես կարող ասել լավ է աշխատում, թե վատ»,-ասաց նա:

Կարեն Համբարձումյանը գտնում է, թե Սիսիանում կոնկրետ սպորտի ոլորտը կարելի է շատ զարգացնել, աշխատատեղերի խնդիր կա, իսկ առաջնայինը գյուղատնտեսության ոլորտն է համարում. գտնում է, որ շեշտը պետք է դնել գյուղական համայնքների վրա, որոնք ավելի անմխիթար վիճակում են:

Ըստ նրա` ԲՀԿ-ի անդամ լինելը ընտրություններում օգնող գործոն է, քանի որ այն իր հետքն ունի Սիսիանում:

Հիշեցնենք, որ Սիսիանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ԲՀԿ-ն՝ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է նաև անկուսակցական Սիրաս Ստեփանյանը:

Читайте на сайте